e-mail: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Copyright © 2024 Shakeh Tchilingirian
All rights reserved.

In The News

At the Gulbenkian Foundation

webpage

 

At the Gulbenkian Foundation with the Dellalian Trio

 

«... վերջերս Գյուլբենկյանում մեր համերգի ժամանակ.... հրավիրել էինք լոնդոնաբնակ ազգագրական պարերի հրաշալի մասնագետ Շաքե Չիլինգիրյանին։ Նա մեր կատարած երաժշտական համարների ներքո ներկայացնում էր հայկական պարը։ Այնուհետև, իր գիտական բացատրություններից հետո մի ամբողջ դահլիճ չդիմացավ գայթակղությանը, շրջան կազմեց ու պարեց մեր պարը։»

 


«Դելլալյան տրիո».... կամ հայացք հայրենիքին


Անդին 5 հոկտեմբեր 2016


-Հարգելի Նարինե, «Դելլալյան Տրիո»- ն այս տարի բացառիկ համերգաշար անցկացրեց Հայաստանում: Ի՞նչպիսի տպավորություններ և լիցքեր ստացաք այս անգամ հայկական լսարանից:


-Այս տարվա մեր համերգաշարը իսկապես բացառիկ էր ամեն իմաստով։ Մենք երեք համերգներով ելույթներ ունեցանք Գյումրիի և Երևանի երկու տարբեր դահլիճներում՝ ներկայացնելով երկու ծրագիր։ Առաջինը տարբեր կոմպոզիտորիների՝ այդ թվում Տիգրան Մանսուրյանի և Վաչե Շարաֆյանի ստեղծագործություններից էր բաղկացած, իսկ երկրորդը նվիրված էր մեր հոր՝ Հարություն Դելլալյանի երաժշտությանը, ում 80-րդ տարելիցը կնշենք նաև եկող տարի։


Անչափ հուզական էին այս հանդիպումները, որոնց ժամանակ չգիտեմ ո՞վ է ավելի շատ լիցքավորվում, փառավորվում. հանդիսատե՞սը, թե՞ մենք՝ երաժիշտներս։ Վստահ ենք մի բանում. մենք այնքան կարիքը ունենք մեկ մեկու… Երաժշտի համար այս հուզումները, ոգևորումները կարևոր են անչափ։ Հանկարծ մի կախարդական պահ է ստեղծվում, և զգում ենք հանդիսատեսից դեպի բեմ եկող անտեսանելի լիցքերը։ Այդ ժամանակ կատարողը անկեղծանում է ու շռայլում իր հոգում կուտակվածը։ Զգալ, որ արժանի ես հանդիսատեսիդ, տալիս ես ու ստանում… և տեղի է ունենում ամենակարևորը՝ բոլորը շնչում ու արտաշնչում են նույնապես։


Իսկ Հայաստանը բացարձակ այլ հուզական դաշտ է տեղափոխում մեզ։ Պատկերացնո՞ւմ եք, դուրս ես գալիս բեմ, և հանդիսատեսի մեջ հարազատ դեմքեր են, մարդիկ, որոնց ճանաչում ես այն օրվանից, որքան քեզ ես հիշում։ Իսկ անծանոթն էլ միևնույնն է, հարազատ է, նույն պատմության, ճակատագրի կիսողն է, մեծ հաշվով նույն գենի կրողն է… Ու այդ փաստը երեկոն դարձնում է անկրկնելի ու անչափ զգացական։


Գյումրիում, քայլելով փողոցներում, խոսում էի անծանոթ մարդկանց հետ, որոնց սակայն ճանաչում էի հոգով։ Մենք ենք… Տեսնում էի նրանց լույս փնտրող աչքերը… Վիրավորված՝ բայց լուսավոր սրտերը։ Քսանութ տարի հետո դեռ գոյություն ունեցող ավերակները բացվեցին մեր առջև… տակնուվրա է լինում մարդու հոգին… և բարձրացանք բեմ…


-Դուք ապրում եք Լիսաբոնում: Կպատմե՞ք տեղի հայկական համայնքի մասին: Արդյո՞ք Ձեր երաժշտությունը նպաստում է նրանց մեջ հայ տեսակի պահպանությանը:


-Լիսաբոնում հայերի թիվը շատ փոքր է։ Մոտավորապես 50-60 մարդ, ուստի համայնք, որպես այդպիսին, աննշան ենք։ Բայց սրբություններ կան, որ սրտումս են,  ու ստացվում է , որ բոլոր «ճանապարհները» անցնում են այդ տեղով։ Ինչ էլ որ նախաձեռնեմ, ուղղակի կամ անուղղակի ձևով իմ ժողովրդի մշակույթի շուրջն է պտտվում։ Դա անչափ կարևոր է ինձ համար։ Երկար տարիներ օտարների մեջ ապրելով՝ ես չօտարացա։ Երաժշտության միջոցով կամ այլ կերպ՝ նպատակը մեկն է. օգտագործել կյանքի ընձեռնած հնարավորությունը ի նպաստ մեր մշակույթի։ Օտարին հասցնել և նրա հայացքը ուղղել դեպի Հայաստան։ Օրինակ անչափ ոգևորող են այն պահերը, երբ մի ամբողջ դահլիճ լեցուն ամենատարբեր ազգերով հանկարծ հայկական պար են պարում։Նման բան վերջերս Գյուլբենկյանում մեր համերգի ժամանակ տեղի ունեցավ, որին հրավիրել էինք լոնդոնաբնակ ազգագրական պարերի հրաշալի մասնագետ Շաքե Չիլինգիրյանին։ Նա մեր կատարած երաժշտական համարների ներքո ներկայացնում էր հայկական պարը։ Այնուհետև, իր գիտական բացատրություններից հետո մի ամբողջ դահլիճ չդիմացավ գայթակղությանը, շրջան կազմեց ու պարեց մեր պարը։


-Ես լիանում եմ այդ պահերին։ «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն, որ հիմնադրել ենք Հայաստանում, նույնպես միջոց է բացի Հայաստանից, նաև Լիսաբոնում տարբեր միջոցառումներ անցկացնելու համար, որին մասնակցում են ամենատարբեր տարիքի և ազգերի ներկայացուցիչներ։ Բոլորովին վերջերս էլ հիմնեցինք պորտուգալա-հայկական բարեկամության կազմակերպություն, որը նույնպես նպատակ ունի ամրապնդելու երկու ազգերի մշակութային կապերը, հարաբերությունները, առավել ևս, որ Պորտուգալիան բախտ է ունեցել իր երկրում հյուրընկալելու կարևորագույն հայազգի գործարար և արվեստի գիտակ Գալուստ Գյուլբենկյանին, ում շնորհիվ այսօր Լիսաբոնում է գտնվում հանրահայտ Գյուլբենկյան հիմնադրամը։


-Ձեր ընտանիքը երաժշտական ընտանիք է: Դուք Հարություն Դելլալյանի դուստրն եք, Հայրիկ Մուրադյանի՝ հարսը: Արդյո՞ք հեշտ է այդքան երաժշտականություն կրել արյան մեջ:


-Ես գիտակցում եմ, որ դա մեծ առատաձեռնություն է իմ նկատմամբ և հպարտությամբ կրում եմ այդ արյունը։ Բայց հպարտանալ հենց այնպես, մեղմ ասած անիմաստ է։ Իմ անվան կապը իրենց հետ նախ և առաջ պարտավորություն է, որը դրվել է իմ առջև։ Ես ինձ խաղաղված եմ զգում, երբ կարողանում եմ ավարտին  հասցնել իրենց հետ կապված մի կարևոր գործ։ Իսկ անելիք՝ որքան ուզես…


-Վերջերս Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվել եք Կոմիտասի անվան շքանշանով: Ի՞նչ կարող է տալ մշակութային գործչին հայրենիքի նման գնահատանքը:


-Այո, այս պարգևը, որ ստացավ մեր Տրիոն, հաճելի անակնկալ էր, որին անկեղծորեն չէինք սպասում։ Այն անշուշտ ջերմացրեց մեր սրտերը, ոգևորեց, և իհարկե երախտապարտ մնացինք գնահատանքի համար։ Կոմիտասի շքանշանը շատ խորհրդանշական է ինձ համար և գիտեմ, որ մի օր, փոքրիկ Հայաստանը, որ ստեղծել ենք մեր շուրջը, տեղափոխվելու է Մեծ Հայաստան, մեր միակ Հայրենիքը, այս տարիների ձեռք բերած փորձը, գիտելիքները հենց մեր մեջ կիսելու և շարունակելու համար։


-Անշուշտ տարեթվերով և ամսաթվերով չէ պայմանավորված Ձեր սերն ու նվիրումը առ հայրենիք, այնուամենայնիվ, ի՞նչպես է Ձեզ պատկերվում անկախության քառորդ դարը ապրած Հայաստանի  մշակութային ապագան:


-Հայը Աստծո ազգն է։ Հայաստանը գերբնական ուժով օժտված հող է։ Մշակութային ընդերքը՝ անսահման խորը, այնքան խորը, որ մի ամբողջ նվիրական կյանք բավարար չէ ամենախորունկը թափանցելու համար։ Այս տարիներին նմանապես առատ է եղել ստեղծագործ Հայի ծնունդը։ Բավական է հայացք նետել ու ցանկանալ տեսնել անհատների այդ բանակը, որոնք առանձին-առանձին արարում են։ Իսկ որքանո՞վ է կարևորվում ազգի սերուցքի ծնածը, որքանո՞վ է օգտագործվում այդ մեծագույն հարստությունը, որ հենց մեր մեջ է, մեր կողքին…


Իհարկե կյանքը հրաշալի է նրանով, որ անհատին տալիս է հաստատվելու հնարավորություն բայց ներուժը, որ առկա է մեր մեջ, կարիք ունի իր մեջքի ետևում զգալու մեր անկախ պետության ներկայությունը ։ Իսկ եթե չենք տեսնում այն, ինչ ունենք, ուրեմն մեր աչքերն են մրոտված ու մեզ մաքրելու կարիքն ունենք։ Ցավալիորեն, այն չտեսնելու կարողությունը վճռելու է մեր ապագան և վաղը այսօրվա արածի արտացոլումն է լինելու։ Բայց եթե կա սևը, կա նաև սպիտակը։ Կա խավարը, բայց և լույսը և ոչ մի մթություն, որը ժամանակ առ ժամանակ տիրում է, չի կարող խեղդել այն պատմական փորձառությունը, գեներով անցած իմաստությունը, որ կա մեր ազգի մեջ։ Ուրեմն զգոն է պետք լինել, որ մեր սրտերում փայփայվող Հայրենիքը դառնա իրական, պինդ Պետության։


Զրույցը՝ Լուսինե Կարապետյանի